Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից․ Ալեքսեյ Օվերչուկ
22 Մայիսի 2026, 17:11
Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, այդ թվում՝ նման հայտարարություններ է անում նաև երկրի ղեկավարությունը։ Այս մասին «Вести» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանել է այն հարցին՝ արդյոք Հայաստանը դուրս է գալիս Անկախ պետությունների համագործակցությունից կամ Եվրասիական տնտեսական միությունից։
«Գիտեք, իրավիճակը բավական տարօրինակ և ոչ ստանդարտ է, որովհետև ոչ ոք չի ցանկանում, որ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, և հենց ՀՀ-ի ղեկավարությունն էլ հայտարարում է, որ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- նշել է Օվերչուկը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ ԵԱՏՄ-ում։
«Մենք կողմ ենք, որպեսզի Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի և շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես վերջին տարիներին՝ ԵԱՏՄ կազմում գտնվելու ընթացքում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Ալեքսեյ Օվերչուկը նաև կասկած է հայտնել, որ Հայաստանի բնակիչներն իսկապես ցանկանում են միանալ Եվրոպական միությանը, որը, նրա խոսքով, «գրեթե ցանկանում է պատերազմել Ռուսաստանի դեմ»։
Նա ընդգծել է, որ հայերը «մեզ շատ մոտ և բարեկամ ժողովուրդ են»։
«Ինչ էլ լինի, Հայաստանը մեզ համար հարազատ երկիր է, իսկ հայերը՝ շատ մոտ և բարեկամ ժողովուրդ։ Չեմ կարծում, որ նրանք ցանկանում են գնալ ռազմականացված Եվրոպական միություն, որը գրեթե ցանկանում է պատերազմել Ռուսաստանի դեմ»,- ասել է Օվերչուկը։