Եվրոպացիներին դուր գալու ճանապարհին Փաշինյանը թշնամանում է ՌԴ-ի հետ․ Ռոբերտ Քոչարյան
23 Մայիսի 2026, 19:22
«Արկածախնդիր մարդիկ հայտնվում են կա՛մ բանտում, կա՛մ գերեզմաններում։ Այսօր մեր երկիրն ունի արկածախնդիր վարչապետ»,- այս մասին Արմավիրում բնակիչների հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ «յուրաքանչյուր երկրի ղեկավար, որը ստախոս, վախկոտ և կզացած է, այդ երկիրը հայտնվում է լրջագույն պրոբլեմների առաջ»։
«Հիմա ՀՀ-ն ղեկավարում է այս 3 որակներն իր մեջ կրող անձնավորությունը։ Սա ռումբ է ՀՀ-ի տակ, և «Հայաստան» դաշինքը այն պետք է վնասազերծի»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն բան եվրոպացիներին դուր գալու համար, սակայն այդ ճանապարհին թշնամանում է ՌԴ-ի հետ։
«Մենք փոքր երկիր ենք՝ բարդ տարածաշրջանով։ Մենք իրավունք արտաքին քաղաքականության ոլորտում չունենք արկածախնդրությամբ զբաղվել։ Սա լուրջ հետևանքներ է ունենալու ՀՀ-ի տնտեսության և անվտանգության համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա իր խոսքում նաև նշել է, որ ՀՀ-ն պետք է լինի տարածաշրջանի ամենակազմակերպված, ամենազարգացած երկիրը, և «Հայաստան» դաշինքը գնալու է հենց այդ ուղղությամբ։