Ռուբիոն Երևան այցի ընթացքում պետք է ստուգի ամերիկյան ակտիվների հուսալիությունը․ Դմիտրի Դրոբնիցկի
25 Մայիսի 2026, 22:00
Քաղաքագետ-ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան նախատեսվող այցին։
Փորձագետի խոսքով՝ իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ չափազանց անկայուն, և Ռուբիոն, ըստ էության, պետք է գնահատի, թե որքան հուսալի է իրավիճակը։
«Բնականաբար, իրավիճակը Հայաստանում չափազանց անկայուն է։ Եվ Ռուբիոն պետք է առնվազն ստուգի, թե որքանով է իրավիճակը հուսալի, որքանով են այնտեղ հուսալի ամերիկյան ակտիվները։ Դա պարզապես նրա անմիջական պարտականությունն է։
Եթե խոսքը վերաբերվեր Օբամայի կամ Բայդենի վարչակազմերին, ապա հասկանալի կլիներ, թե ինչ ուժեր և ռեսուրսներ կարող էին ներգրավվել։ Սակայն Ռուբիոյի դեպքում հարց է առաջանում, թե կոնկրետ ինչի վրա է նա հենվելու, քանի որ Մարկո Ռուբիոյի և Թրամփի օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարությունն, ընդհանուր առմամբ, շատ հարցերում անորոշության մեջ է։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ դիվանագիտական գործընթացներից Պետդեպարտամենտը փաստացի հեռացված է։ Այն երբեմն մեկնաբանություններ է անում, բայց ակնհայտ է, որ առաջին ջութակի դերը չի կատարում»,- ասել է Դրոբնիցկին։