ԵԽ-ն արցախցիներին համարում է փախստականներ, ոչ թե «փախածներ»․ «Եվրանեսթ»-ի ղեկավար

«Եվրանեսթ»-ի ղեկավար Սերգեյ Լագոդինսկին, Alpha News-ի հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանի վարչապետն Արցախից տեղահանվածներին անվանում է «փախածներ», նշել է, որ դա Փաշինյանի և Հայաստանի ներքին գործն է։

«Ես չեմ կարող խոսել Փաշինյանի անունից, բայց կարող եմ խոսել խորհրդարանի անունից․ մենք այդ մարդկանց անվանում ենք փախստականներ։ Այս հարցում խորհրդարանի դիրքորոշումը հստակ արտացոլվել է նախորդ բանաձևերում»,- հայտարարել է նա։

Սերգեյ Լագոդինսկին անդրադարձել է նաև Ադրբեջանի և Եվրոպական խորհրդարանի հարաբերություններին՝ Բաքվի կողմից խորհրդարանի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշման ֆոնին, որը Ադրբեջանում համարում են հայամետ։ Նրա խոսքով՝ խզումն առավելապես ձևական բնույթ է կրում, քանի որ Եվրոպական հանձնաժողովը շարունակում է համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ չնայած Եվրախորհրդարանի առաջարկություններին։ Լագոդինսկին ընդգծել է, որ վերջնագիրը Բաքվին ներկայացրել է ոչ թե Եվրահանձնաժողովը, այլ հենց Եվրոպական խորհրդարանը։

«Ադրբեջանի և Եվրոպական հանձնաժողովի հարաբերություններն, ինչպես բացահայտ ասել է նաև Իլհամ Ալիևը, չեն փոխվի։ Բաքվին դուր չեն գալիս Եվրոպական խորհրդարանի տոնն ու բանաձևերը, այդ պատճառով նման քայլերը կիրառվում են հենց խորհրդարանի դեմ։ Չեմ կարծում, թե Հանձնաժողովը կամ Խորհրդարանը որևէ կերպ կարձագանքեն դրան։ Դրանք իշխանության տարբեր ինստիտուտներ են։ Ես կցանկանայի, որ Եվրոպական հանձնաժողովն ավելի հաճախ և ակտիվորեն աջակցեր Եվրոպական խորհրդարանին ու հնչեցներ մեր դիրքորոշումները։ Սակայն այս դեպքում Հանձնաժողովը վարում է սեփական քաղաքականությունը, ոչ թե խորհրդարանի քաղաքականությունը․ այդպես է կառուցված իշխանությունների տարանջատումը։

Մենք կարող ենք քննադատել դա, կրճատել որոշ ֆինանսավորումներ, սակայն իրավիճակը նման է ԱՄՆ-ին․ նախագահն ասում է այն, ինչ ճիշտ է համարում, իսկ Կոնգրեսը կարող է դժգոհել։ Ահա և մենք դժգոհում ենք»,- ասել է նա։