Հայաստանը կօգտագործի իր լծակները երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար․ Փաշինյան

28 Մայիսի 2026, 13:36

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից, այլև կօգտագործի իր լծակները երկրի երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Այս մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ պլան ունի Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս գա ու ԵՄ անդամ դառնալու դեպքումառևտրաշրջանառությունը բարձր մակարդակի վրա պահելու համար։

«Ինչ վերաբերում է արտահանմանը և ներմուծմանը, ապա մենք դիվերսիֆիկացվում ենք, ու դա նոր չի սկսվել։ Մեր արտահանումների վիճակագրությունները տարբեր ուղղություններով կրկնապատկվել են, շատ ուրախ եմ, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին էլ բացվել է ՀՀ արտահանումների համար։ Առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու այդ երկաթգծի երկայնքով հնարավոր շուկաներն ուսումնասիրելու, մենք արդեն միջազգային գործընկերներից այդ հրավերներն ունենք»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ–ի ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ, որվհետև Ղազախստանի և Հայաստանի առևտրաշրջանառությունը շատ սահմանափակ է։

Փաշինյանը շեշտեց` Ադրբեջանով երկաթուղու բացմամբ Հայաստան–Ղազախստան, Հայաստան–Ղրղզստան առևտրատնտեսկան հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ է ձևավորվել։

«ՀՀ–ի զարգացող տնտեսությանը որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Այժմ էլ ՀՀ տնտեսության համար անծայրածիր հնարավորություններ են բացվում։ Դրանց առանցքը TRIPP նախագիծն է, գոնե ԱՄՆ–ի տրամաբանությամբ Արևելք–Արևմուտք էներգակիրների տարանցման ճանապարհին այն ունի առանցքային նշանակություն։ ԱՄՆ–ն էներգակիրների ամենամեծ սպառողներից է, ու միայն այդ տրանզիտային հնարավորությունները բավարար են Հայաստանի Հանրապետության բոլոր կարիքները հոգալու համար»,– նշեց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը համագործակցում է նաև Իրանի հետ, ու ի հեճուկս բոլոր դժվարությունների` փոխվստահոււթյունն ավելի է խորացել։ Փաշինյանը շեշտեց` ՀՀ–ն կարողացել է այս ընթացքում պահպանել վստահելի հարաբերություններ և՛ ԱՄՆ–ի, և՛ Իրանի հետ, որովհետև գործընկերների հետ խաղեր չի խաղում։