Հայաստանի հասարակությունը պետք է իր կամքն արտահայտի հանրաքվեի միջոցով․ Անդրեյ Արեշև
29 Մայիսի 2026, 22:43
Alpha News-ին տված հարցազրույցում Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևն անդրադարձել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին։
«Նման հարցերի քննարկումը նախատեսված էր Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում։ Պատրաստվել և ընդունվել է փաստաթուղթ՝ թեկուզ քաղաքական, բայց պաշտոնական բնույթի, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը այս հարցով հանրաքվե անցկացնել։ Նույն առաջարկն ավելի վաղ հնչեցրել էր Վլադիմիր Պուտինը, և այսօր կրկնել է այն»,- ընդգծել է Արեշևը։
Արեշևի խոսքով՝ եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, կարող է դրանց արդյունքները ներկայացնել որպես յուրատեսակ հանրաքվե՝ մեկնաբանելով ԵԱՏՄ առաջնորդների՝ Հայաստանում ազգային հանրաքվե անցկացնելու առաջարկը։
«Իմ կարծիքով՝ հանրաքվեի գաղափարը դրական կընդունվի հայկական հասարակության կողմից, որը ևս մեկ անգամ կմտածի, թե ուր են իրեն տանում և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, կփորձի ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես յուրատեսակ հանրաքվե, սակայն Մոսկվայում արդեն կոշտ որոշում է կայացվել․ նա ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կամ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կամ խախտել եվրոպացի գործընկերների առաջ ստանձնած պարտավորությունները»,- ասել է փորձագետը։