Արցախի երիտասարդները բաց նամակով դիմել են միջազգային հանրությանը
13 Օգոստոսի 2023, 13:40
Հաշվի առնելով երիտասարդության առջև ծառացած խնդիրների մասին բարձրաձայնելու` Երիտասարդության միջազգային օրվա խորհուրդը, կարևորելով ՄԱԿ-ի ստանձնած պարտավորությունները աշխարհում երիտասարդների խնդիրների բարձրաձայնման և լուծման համատեքստում՝ Արցախի Հանրապետության երիտասարդները դիմել են ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին՝ ահազանգելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած՝ Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված դրույթները, անտեսելով ՄԻԵԴ 2022թ. դեկտեմբերի 21-ի որոշումը և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտադիր որոշումը, շարունակում է փակ պահել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ խաթարելով Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու բնականոն կյանքը:
«Ութ ամիս շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում օրեցօր ավելի է վատթարանում իրավիճակը: Խախտված են Արցախում բնակվող երիտասարդներիս բոլոր հիմնարար ու տարրական իրավունքները, մասնավորապես՝ ազատ տեղաշարժման, առողջության, կրթության, սոցիալական և մի շարք այլ իրավունքներ: Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունների արդյունքում այսօր արդեն լրջագույնս վտանգված է Արցախում բնակվողներիս՝ 120.000 մարդու կյանքի իրավունքը: Արցախում ապրող երիտասարդն այսօր կանգնած է կյաքին սպառնացող մարտահրավերների առջև: Թերսնման, առաջին անհրաժեշտության դեղորայքի, ապրանքների և ծառայությունների բացակայության պատճառով երիտասարդ ընտանիքներում աճել է պտղի աճի հապաղման և վիժման դեպքերի քանակը, հասարակությունում կտրուկ աճել է գործազրկության ու աղքատության մակարդակը, վառելիքի բացակայության պատճառով արդեն իսկ անհնարին է դարձել սեփական հայրենիքում ազատ տեղաշարժվելու հնարավորությունը:
Այդ ամենով հանդերձ, Արցախում բնակվողներս Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով ենթարկվում ենք անմարդկային, նվաստացնող և ահաբեկող գործողությունների: Եվ սրանք գոյություն ունեցող խնդիրների միայն մի մասն են:
Արցախի Հանրապետության երիտասարդները դիմում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին ու միջազգային այլ կառույցներին՝ պահանջելով կիրառել իրենց լիազորությունների ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի կողմից համակարգված ահաբեկչական գործողությունների հետևանքով իրականացվող ցեղասպանությանը համապատասխան գնահատական տալու և ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու ու նոր ողբերգությունները կանխելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ: