Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցը շարունակում է բաց մնալ. Անդրեյ Արեշև
03 Հունիսի 2026, 21:45
«Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը «Լազարյան ակումբ»-ի նիստի շրջանակներում Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը և ինտեգրացիոն ընտրության վերաբերյալ հանրաքվեի շուրջ քննարկումները։
«Վերջերս Աստանայում կայացած եվրասիական գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաև դրանից շատ առաջ, ռուսական կողմը և նրան միացած Եվրասիական տնտեսական միության գործընկերները Հայաստանի իշխանություններին առաջարկեցին անցկացնել հանրաքվե՝ այսպես կոչված եվրոպական և եվրասիական ինտեգրացիաների միջև ընտրություն կատարելու հարցով՝ հաշվի առնելով այն առավելությունները, որոնք Հայաստանը ստանում է՝ մնալով ԵԱՏՄ կազմում։
Ռուսաստանի ղեկավարությունը՝ թե՛ նախագահի, թե՛ կառավարության մակարդակով, բազմիցս հիմնավորված կերպով հայտարարել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել երկու մրցակցող ինտեգրացիոն միավորումների, առավել ևս այն պայմաններում, երբ Եվրոպական միության և Ռուսաստանի միջև թշնամական վերաբերմունքը շարունակաբար խորանում է»,- նշել է փորձագետը։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները երկարաժամկետ ծրագրավորում չեն իրականացնում և գործում են իրավիճակից ելնելով։
«Հայաստանի կողմից արձագանքը, որը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը, երկար սպասեցնել չտվեց և, իմ կարծիքով, լիովին կանխատեսելի էր։ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին նման հանրաքվեի անհրաժեշտություն չկա, և այն կդառնա անհրաժեշտ միայն այն ժամանակ, երբ հարցը դրվի հստակ ընտրության առաջ։ Իսկ դա դեռևս շատ հեռու հեռանկար է՝ հաշվի առնելով, որ Բրյուսելից որևէ իրական ինստիտուցիոնալ առաջարկ չկա։ Օրինակ՝ թեկնածու երկրի կարգավիճակ. Հայաստանը թեկնածու երկիր չէ, և բարձրագոչ հայտարարություններից, քաղաքականացված ցուցադրություններից ու որոշ դրամաշնորհներից բացի, իրավական առումով որևէ կոնկրետ բան չկա։
Այդ պատճառով Փաշինյանն ու նրա քաղաքական տեխնոլոգները հույս ունեն հնարավորինս երկար ժամանակ շարունակել օգտվել եվրասիական ինտեգրացիայի բոլոր առավելություններից՝ միաժամանակ սիրախաղ անելով Եվրոպայի հետ։ Իսկ թե հետո ինչ կլինի, կարծես թողնված է ժամանակի ու հանգամանքների վրա. իմ տպավորությամբ՝ երկարաժամկետ հեռանկարի համար որևէ հստակ ծրագիր չկա», — ասել է Արեշևը։