Ռուսաստանը Հայաստանին կանգնեցրել է ընտրության առաջ․ Կոլչին
05 Հունիսի 2026, 16:22
Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում գնահատել է Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ, ինչպես նաև մեկնաբանել է Մոսկվայի արձագանքը Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին փաստացի կանգնեցրել է ընտրության առաջ։
«Մոսկվան վերջին տարիներին շատ դիվանագիտական ձևով փորձում էր փոխանցել Երևանին իր դիրքորոշումը, ցույց տալ Փաշինյանի վարչակազմին, որ նման արևմտամետ կուրսը՝ ԵԱՏՄ-ի շահերի հաշվին, կունենա հետևանքներ։ Անցկացվել են բազմաթիվ քննարկումներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։
Պարբերաբար փորձեր են արվել կառուցել հարաբերությունները թափանցիկ և հասկանալի ձևով, բայց Փաշինյանը միշտ ասել է մեկ բան և արել բոլորովին այլ բանլ»,- նշել է փորձագետը։
Նա հավելել է, որ այժմ Ռուսաստանը հարցը դնում է ավելի կտրուկ ձևով։
«Վերջին ԵԱՏՄ գագաթնաժողովը ցույց տվեց, որ այդ մոտեցումը կիսում են նաև միության մյուս անդամները։ Նրանց դիրքորոշումն այն է, որ Հայաստանի եվրոպական կուրսը, ինչպիսին էլ այն լինի, չպետք է վնասի ԵԱՏՄ-ին»,- եզրափակել է Կոլչինը։