Փաշինյանի հաղթանակն անկասկած երաշխավորված չէ

07 Հունիսի 2026, 13:19

Քաղաքականություն

Թուրքական HaberTurk-ի եթերում նախօրեի երեկոյան են սկսել ինտենսիվ քննարկել Հայաստանում ընտրական գործընթացը, և ինչպես նշում է մեկնաբանը՝ դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար: Նկատում է՝ Հայաստանում ընտրողների թիվը 2,5 միլիոն է, երբ Թուրքիայում՝ 70 մլն է, ինչը որոշ չափով բացատրում է Հայաստանի և Թուրքիայի միջև հսկայական տարբերությունը:


Հետո, ինչպես թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն են անում, նկատում է՝ «Փաշինյանը կորցրեց Ղարաբաղը, բայց կարողացավ վերընտրվել»: Ու հնչում է հարցը՝ «Փաշինյանի վարկանիշը բարձր է թվում: Ակնկալո՞ւմ եք, որ նա կհաղթի նաև այս ընտրություններում»:
Անկարայի համալսարանի պրոֆեսոր Յըլդըզ Դևեջի Բոզքուշն է պատասխանում. «Այն փաստը, որ նա վերընտրվեց Ղարաբաղյան պարտությունից հետո, արդեն ցույց է տալիս, որ լուրջ աջակցություն ունի…այս ընտրությունները կարևոր են հայ հասարակության համար, քանի որ դրանք հստակ ցույց կտան, թե որ կողմ կանցնեն հայերն Արևելքի և Արևմուտքի միջև պայքարում: Որովհետև Ռուսաստանի, Եվրամիության և Ամերիկայի հետ վարվող քաղաքականությունը և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր էջը, որը Փաշինյանն անվանում է «իրական Հայաստան», շատ կարևոր են այս համատեքստում:

Նայելով Փաշինյանի ներկա վարկանիշին՝ այո, ըստ հարցումների նա ստանում է 30-32%: Այնուամենայնիվ, դեռ վաղ է ասել, որ միայն սա երաշխավորում է անկասկած հաղթանակ: Քանի որ, չնայած ընդդիմությունը մասնատված է, չկողմնորոշված ​​ընտրողները նույնպես շատ կարևոր են: Կան մինչև 30% չկողմնորոշված ​​ընտրողներ: Չկողմնորոշված ​​ընտրողները ևս կարող են էապես ազդել ընտրությունների արդյունքի վրա»:


HaberTurk-ի եթերում  նաև ընգծում են՝ կան նաև մեկնաբանություններ, որ Փաշինյանը կարող է հաղթել ընտրություններում, բայց չունենալով բավարար մեծամասնություն Սահմանադրությունը փոխելու համար։ Ու հիշեցնում են, որ Ալիևը Փաշինյանից պահանջել է փոխել Սահմանադրութունը, եթե ցանկանում է խաղաղության համաձայնագիր:
Թուրքական այս հեռուստաալիքի եթերում ևս բաց հայտարարություններ են անում Ռոբերտ Քոչարյանի և Հայաստան – Ռուսաստան հարաբերությունների դեմ: