Մենք մեր տանն ենք, թուլանալու էլ տեղ չունենք. Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի անկումն ու վերածնունդը
15 Օգոստոսի 2023, 00:05
Շրջափակման մեջ գտնվող Արցախի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը՝ Նինա Վարդանյան, համոզված է՝ արցախցին իր տանն է ու թուլանալու տեղ չունի: «Արցախթերթի» հետ զրույցում վաղուհասցի մանկավարժը հիշել է՝ ինչպես Արցախյան առաջին պատերազմից ընթացքում ավիրվեց ու վերածնվեց Մարտակերտի շրջանի Վաղուհասը: Մոտ մեկ տարի գերության մեջ ծխացող գյուղն ազատագրվել է 1993թ. փետրվարի 12-ին: Ինքնապաշտպանական մարտերում գյուղը 7 տասնյակից ավելի զոհեր է ունեցել: Տարհանված բնակիչների մեծ մասը վերադարձել է գյուղ: Նինա Վարդանյանը պատմել է, որ շինարարական առաջին աշխատանքները գյուղում սկսել է իր ամուսինը՝ Էդիկ Աղաբեկյանը:
«Հետո իրար թև-թիկունք լինելով՝ տներ կառուցեցինք, ապահովվեցինք առաջին անհրաժեշտության պարենով, բավարարվեցինք եղածով և ապրեցինք: Մեր կողքին էր նաև ՀՅԴ-ը և արգենտինահայ համայնքը»:
Այն օրերին Նինա Վարդանյանը գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էր:
«1993թ. նոր ուսումնական տարին Վաղուհասում սկսվեց հոկտեմբերի 4-ին:
Ուղիղ 30 տարի առաջ դասարան մտա ողջունելու երջանիկ, հաղթանակած սերնդի իմ առաջին սաներին: Քսանյոթ աշակերտ ունեի: Դժվար ու ծանր ժամանակներ էին՝ լույս չկար, տան, սննդամթերքի և հագուստեղենի խնդիրը լուրջ էր: Դպրոցը տեղավորեցինք համայնքապետարանի շենքում և մի կերպ կահավորեցինք: Դպրոցի զանգը պատմության ուսուցիչ Կ. Հարությունյանի հետ գտանք դպրոցի այգում: Զանգը կախեցինք ու սկսեցինք դասերը: Հետո Արգենտինայի հայ համայնքը երեխաների համար հագուստեղենի ծանրոցներ ուղարկեց: Բոլորը միանման հագնված, ուրախ ներկայանում էին երկհերթ դասերին»,-հիշում է Վարդանյանը:
Ուսուցչուհին պատմում է, որ մի քանի տարի առաջ կյանքից հեռացել է ավագ որդին՝ Հայկ Աղաբեկյանը, հրամանատար էր: Կորցրել է նաև ամուսնուն, իսկ երրորդ պատերազմում զոհվել է թոռը՝ Մխիթար Աղաբեկյանը:
«Առաջին պատերազմի ժամանակ երեխաները վառարանի մոտ իրենց հայրերին էին սպասում: Հիմա այդ հայրերն են սպասում իրենց զավակներին: Եվ դա, խոստովանենք, ավելի դաժան է: Այսօր դիրքեր պահող տղաների 50 տոկոսը հենց զոհված ազատամարտիկների որդիներն են: Ընտանիք են կազմել ու իրենց զավակների համար հայրենիքն են պահում: Հաղթանակից հետո, որքան էլ դժվար, բայց թվում էր՝ ապրելու ժամանակներն են գալիս: Սակայն եկավ 44-օրյան, կորցրեցինք 18-20 տարեկան երիտասարդների…»,- ասում է տիկին Նինան: