ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին. Հովակիմյան
09 Հունիսի 2026, 10:30
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին: Այս մասին Հանրայինի եթերում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«14-ին կամփոփենք, 19-ն այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան»,-հայտարարել է ԿԸՀ նախագահը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես կարող էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, երբ շատ քիչ թվով ընտրատեղամասերի արդյունքներ էին հայտնի, Հովակիմյանը նշել է, որ քաղաքական գործիչներն ազատ են իրենց հայտարարություններում։
«Քաղաքական գործիչներն ազատ են հայտարարել ինչ ցանկանան։ Օրինակ՝ իմ ձեր մոտ հյուր գալը վաղը կարող են որակել որպես սահմանադրական կարգի տապալում։ Իրենք ազատ են՝ ինչ ուզեն անեն, բայց իրենց հայտարարությունները գնահատում են քաղաքացիները»,- ընդգծել է Հովակիմյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: