Ընդդիմությունից առնվազն 20% ձայն «գողացվել է»․ Վիկտոր Վոդոլացկի
09 Հունիսի 2026, 12:55
Հայաստանում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների հետևանքով ընդդիմադիր ուժերը կորցրել են ընտրողների ձայների առնվազն 20%-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։
Տեղական դիտորդներն ու ընդդիմությունը քվեարկության ընթացքում հաղորդել են մի շարք խախտումների մասին։ Մասնավորապես, արձանագրվել են ընտրական «կարուսելներ», քվեաթերթիկների դուրսբերում ընտրատեղամասերից, բաց քվեարկություն, ինչպես նաև զինծառայողների խմբակային քվեարկություն։ Ընտրություններն ուղեկցվել են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձերբակալություններով՝ թե՛ նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե՛ լռության օրը և անմիջապես քվեարկության օրը։
«Հայաստանում տեղի է ունեցել լայնածավալ կեղծարարություն, ձերբակալվել են բոլոր այն կառույցների և կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք դեմ էին Նիկոլ Փաշինյանին։ Ամեն ինչ արվել է, որպեսզի այդ կուսակցություններին տրված քվեաթերթիկները ոչնչացվեն կամ փչացվեն։ Բնականաբար, ձայների հաշվարկի ժամանակ ընտրական հանձնաժողովների արձանագրություններում գրանցված տվյալները ներկայացվել են որպես Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայներ։ Ընդդիմությունից գողացվել է առնվազն 20%», — ասել է Վոդոլացկին։