Ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները կասկածի տակ են դնում Հայաստանում ընտրությունների լեգիտիմությունը․ Անդրեյ Կոլեսնիկ
09 Հունիսի 2026, 21:30
ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները։
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քաղաքացիների կամարտահայտության վրա։ Սակայն, ըստ նրա, ինչպե՞ս կարող էին նման խախտումներ չլինել, երբ ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալել էին, ընդդիմության բոլոր առաջնորդներին մեկուսացրել։
«Ոմանք հայտնվել էին տնային կալանքի տակ, մյուսներին այլ սահմանափակումների էին ենթարկել։ Ավելին՝ ամբողջ Եվրամիությունը ժամանել էր Հայաստան, հրապարակայնորեն ներկայացնում էր իր դիրքորոշումները և, փաստորեն, զբաղվում էր անօրինական քարոզչությամբ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է ասել, որ չեն եղել գործընթացներ, որոնք կարող էին ազդել քաղաքացիների կամարտահայտության վրա։ Խախտումները բազմաթիվ էին։ Սակայն, որքան հասկանում եմ, ձայների վերահաշվարկ է նախատեսվում, և, հավանաբար, ի վերջո կփորձեն հասնել որևէ ընդհանուր եզրակացության», — ասել է Կոլեսնիկը։
Պատգամավորի խոսքով՝ եթե նման գործողություններ թույլ տար որևէ այլ երկրի իշխող կուսակցությունը, միջազգային արձագանքը բոլորովին այլ կլիներ։
«Ես բազմիցս մասնակցել եմ տարբեր մակարդակների ընտրությունների, բայց, անկեղծ ասած, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինձ զարմացրեց։ Ես եղել եմ կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի քարտուղար, և Աստված չանի, որ իմ մասնակցությամբ ընտրություններում նման խախտումներ, նման դիտողություններ և իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի կողմից նման գործողություններ արձանագրվեին։
Կարծում եմ՝ այդ դեպքում ամբողջ աշխարհը ոտքի կկանգներ, նույնիսկ եթե խոսքը միայն տարածաշրջանային ընտրությունների մասին լիներ։ Իսկ այստեղ խոսքը երկրի մակարդակով ընտրությունների մասին է, և ընդդիմության զգալի մասին կալանավորել կամ մեկուսացրել են՝ զրկելով ընտրական գործընթացին լիարժեք մասնակցելու հնարավորությունից։ Այդ պատճառով նույնիսկ դժվարանում եմ ասել, արդյոք այս ընտրությունները կարելի՞ է ընդհանրապես լեգիտիմ համարել», — եզրափակել է Կոլեսնիկը։