Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները չի կարելի լեգիտիմ համարել․ Վիկտոր Վոդոլացկի

10 Հունիսի 2026, 22:15

Քաղաքականություն

Ռուսաստանի Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները։

«Հաշվի առնելով, որ ոչ միայն ԱՊՀ դիտորդները, այլև Եվրամիության դիտորդները, որոնք ներկա էին այնտեղ, նույնիսկ ոչ պաշտոնական քննարկումների ընթացքում ընդունում են, որ Հայաստանում անցկացված ընտրությունները չի կարելի լեգիտիմ համարել, քանի որ դրանք կեղծվել են։ Եղել են սպառնալիքներ ընտրական հանձնաժողովների անդամների և նրանց ընտանիքների հասցեին, եղել են խախտումներ ձայների հաշվարկի ժամանակ․ անջատվել է էլեկտրամատակարարումը, իսկ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի կուսակցության ձայների քանակը կտրուկ աճել է։ Սա անհեթեթություն է, երբ նման մեթոդներով են խորհրդարանական մեծամասնություն ձեռք բերում։ Դա սխալ է և ոչ լեգիտիմ», — ասել է Վոդոլացկին։

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իշխանության հասնել ոչ լեգիտիմ ճանապարհով՝ կիրառելով այնպիսի ընտրակեղծիքների մեխանիզմներ, որոնք, ըստ նրա, օգտագործվել են Մոլդովայում կամ Ռումինիայում։

«Այն, որ այսօր ճնշումների են ենթարկում Գագիկ Ծառուկյանին, նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցում, հետապնդում են Ռոբերտ Քոչարյանին և այլ քաղաքական առաջնորդների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը, նրա շրջապատը և նրա արտաքին հովանավորները, որոնք ժամանել են Ֆրանսիայից և Ռումինիայից, և որոնք, նրա խոսքով, մասնակցել են նաև Մոլդովայի ընտրությունների կեղծմանը, այսօր շարժվում են կամայականության ճանապարհով՝ ոչնչացնելով ընդդիմությանը, քրեական գործեր հարուցելով և փորձելով այդ կերպ ճնշել նրան։ Նրանք կարծում են, որ եթե նույն Գագիկ Ծառուկյանին ազատազրկեն, ապա նրա կուսակցությունը կհամաձայնի այն արդյունքների հետ, որոնք այսօր հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ուստի ցանկացած ողջախոհ մարդ այսօր հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը կամ արդեն իշխանության է եկել, կամ փորձում է իշխանության գալ ոչ լեգիտիմ ճանապարհով», — եզրափակել է Վոդոլացկին։