«Գիշատիչների խնջույքը»՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմում

15 Օգոստոսի 2023, 18:45

Մշակույթ

Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ձեռնամուխ է եղել ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի բեմադրությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, որը ներկայացման բեմադրողն է:

«Մեր թատրոնում այս ստեղծագործությունն առաջին անգամ բեմադրվել է 1988 թվականին՝ Արցախյան շարժման օրերին, երբ կանգնած էինք լինել-չլինելու խնդրի առջև։ Նոր տարբերակով այն կրկին հանդիսատեսին ներկայացնելը պայմանավորված է շրջափակման իրավիճակով, որում հայտնված արցախցին համառ պայքար է մղում․ ծանր կացության մեջ հայտնված ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ մնալով իր կոչման բարձրության վրա: Չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ թատրոնը շարունակում է գործել: Մենք ստիպված ենք փորձերը համապատասխանեցնել հովհարային անջատումներին, որպեսզի մինչև այս ամսվա վերջ կարողանանք հանդիսատեսի դատին հանձնել ներկայացումը»,-ասել է Հարությունյանը։

Ստեղծագործությունը պատմում է 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում բնակվող մարդկանց ծանր վիճակի, այդ իրավիճակում մարդկային որակները պահելու դժվարությունների մասին: