Այն մանդատները, որոնք այսօր ստանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իրականում իրենցը չեն. Հայկ Ֆարմանյան

15 Հունիսի 2026, 21:30

Քաղաքականություն

Գրեթե 4 ժամ տևած նիստից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 9-րդ գումարման Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի անունները։ Ըստ ԿԸՀ-ի՝ խորհրդարան է անցել 3 ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել է, և ընդդիմադիրները բոյկոտելով լքել են այն, երբ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե նախորդ օրն առանձին ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդում ընտրությունների ընդհանուր պատկերի վրա։ Հովակիմյանը հավելել է, որ արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ընդդիմադիրները կարող են դիմել Սահմանադրական դատարան։

ԿԸՀ շենքի դիմաց մեծ բազմություն էր հավաքվել, որոնք, իրենց ձևակերպմամբ, եկել էին «տեր կանգնելու յուրաքանչյուր քվեին»։ Ավելի ուշ ընդդիմադիր 6 կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պնդելով, որ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ արձանագրել են 5 խոշոր խմբի հասնող ֆունդամենտալ (առանցքային) խախտումներ։

«Մի՛ վայրկյան չընկճվեք, ժողովուրդ ջան, որովհետև այսպիսի ապօրինությունները հենց դրա համար են արվում: Այս մարդիկ հասկացել են, որ իրենք չեն հաղթել։ Իսկ ՔՊ-ին և ԿԸՀ-ին մի հատ էլ կասենք՝ ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ»,- շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

ԿԸՀ-ն միայն այսօր է պարզաբանել, թե ինչու մասնակի վերաքվեարկություն չի նշանակել։ Ըստ Վահագն Հովակիմյանի՝ որևէ տեղամասում արդյունքներն անվավեր ճանաչելը չի նշանակում, որ հանձնաժողովը պետք է ավտոմատ կերպով վերաքվեարկություն նշանակի։ Նա պատճառաբանել է, որ վերաքվեարկության դեպքում խախտվում է հավասարության սկզբունքը, քանի որ հիմնական ընտրությանը մասնակցած քաղաքացիները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքները դեռ հայտնի չէին։ Այսինքն՝ նրանք չգիտեին, թե ով է առաջատարը, որքան է ձայների տարբերությունը, որ ուժն է հաղթահարում անցողիկ շեմը կամ ինչպես կազդի իրենց քվեն վերջնական պատկերի վրա։

Այս հիմնավորմանը կոշտ է արձագանքել ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ նշելով․ «Մեզ զրկեցին վերաքվեարկության հնարավորությունից՝ պարզապես չեղարկելով երեկ իրենց իսկ կողմից խնդրահարույց ճանաչված ընտրատարածքների քվեարկությունը։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ իշխանությունները խորապես թքած ունեն թե՛ օրենսդրության, թե՛ Սահմանադրության վրա»։

«Այն մանդատները, որոնք այսօր ստանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իրականում իրենցը չեն։ Դրանք պետք է բաժին հասնեին համապատասխան ընդդիմադիր ուժին, ինչն էապես կփոխեր Ազգային ժողովի պատկերը։ Սա իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի հստակ դիրքորոշումն է։ Այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Ֆարմանյանը:

«Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը ևս հանդես է եկել քննադատությամբ․ « Շուրջ 60,000 քաղաքացիներ գնացել և քվեարկել էին կոնկրետ մեկ ուժի օգտին, որպեսզի այդ ուժը ներկայացված լինի խորհրդարանում, այլ ոչ թե ձայների փոշիացման արդյունքում ՔՊ-ն ստանար բացարձակ քաղաքական մեծամասնություն»։

Հիմա եթերում