«Ռոսսելխոզնադզոր»-ը պարզաբանել է հայկական գյուղարտադրանքի ներմուծման սահմանափակումների պատճառները
17 Հունիսի 2026, 11:34
Հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ կիրառված սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքական, այլ արտադրողների կողմից որակի վերահսկման արդյունավետ համակարգի բացակայությամբ։ Այս մասին «Росси́йская газе́та»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Մենք ունենք ձեռնարկությունների հետ համագործակցության բազմամյա փորձ, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ և արձանագրված խախտումների փաստեր»,- նշել է Դանկվերտը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հիմնական խնդիրը արտադրության կազմակերպման և վերահսկողության համակարգի թերություններն են։ Բազմաթիվ փոքր ֆերմերներ արտադրանք են աճեցնում և արտահանում, սակայն արտադրության և բեռնման փուլերի միջև գործնականում բացակայում է ներքին վերահսկողության և համագործակցության արդյունավետ մեխանիզմը։
Դանկվերտի խոսքով՝ վերահսկող մարմինները ֆիզիկապես ի վիճակի չեն ստուգել այդպիսի մեծ ծավալի արտադրանք։
«Երբ առկա է համագործակցություն, արտադրական վերահսկողությունը և արտադրողների միավորումների պատասխանատվությունը, համակարգն աշխատում է արդյունավետ։ Հենց այդ բաղադրիչներն են այսօր պակասում։ Ուստի սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության ապահովման հետ, այլ ոչ թե քաղաքականության»,- ընդգծել է նա։