Սա ընտրություն էր հայամետ և ոչ հայամետ ուղեգծերի միջև․ Գևորգ Հակոբջյանը՝ խորհրդարանական ընտրությունների մասին
19 Հունիսի 2026, 23:25
Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների, ներքաղաքական վերջին զարգացումների և TRIPP նախագծի իրավական ու անվտանգային ռիսկերի մասին Alpha News-ը զրուցել է Հայ Դատի Արևմտյան գրասենյակի ղեկավար խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Հակոբջյանի հետ։
Նրա խոսքով՝ փորձ է արվել խորհրդարանական ընտրությունները ներկայացնել որպես ռուսամետ ու արևմտամետ ուժերի պայքար։
«Այս ընտրությունների հետ կապված նախ պետք է վերլուծել այն բևեռացած մթնոլորտը, որը տիրում էր թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Որպես դրական երևույթ՝ կարելի է նշել ընտրողների մասնակցության աճը, ինչը խոսում է այն մասին, որ հանրությունը գիտակցում էր պահի լրջությունը: Սակայն գործընթացն ուներ բազմաթիվ խոցելի կողմեր՝ սկսած իշխանական թևի կողմից օգտագործված ագրեսիվ բառապաշարից, վերջացրած քաղաքական հալածանքներով ու ընդդիմադիր ղեկավարների ձերբակալություններով:
Փորձ արվեց այս ամենը ներկայացնել որպես ռուսամետ ու արևմտամետ ուժերի պայքար, ինչը սխալ է: Պատկերը պետք է տեսնել համահայկական համատեքստում. սա ընտրություն էր հայամետ և ոչ հայամետ ուղեգծերի միջև»,- նշել է Հակոբջյանը:
Խոսելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երեք ընտրատեղամասերի քվեների անվավեր ճանաչելու մասին՝ ղեկավար խորհրդի անդամն ասել է․
«Որպես իրավաբան՝ առանց բոլոր փաստերին տիրապետելու դժվար է վերջնական վճիռներ արձակել, բայց ես հավատում եմ, որ խախտումների ու ընտրակեղծիքների ծավալը մեծ էր: Ավելի քան 3000 քաղաքացու ձայն պարզապես անվավեր ճանաչվեց՝ առանց նրանց իրավունքների վերականգնման հստակ ճանապարհի: Բացի այդ, դեռ արդյունքների 100%-ը չամփոփված՝ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ հայտարարեցին իրենց հաղթանակի մասին՝ այդպիսով հոգեբանական ճնշում գործադրելով ընտրական հանձնաժողովների վրա: Մենք կփափագեինք ձերբազատվել այս պետականակործան իշխանությունից, բայց ունենք այն, ինչ ունենք»։