Արցախի կացությունը լուրջ է, գործնական քայլերի կարիք ունենք. Սևակ Բելյան

16 Օգոստոսի 2023, 00:15

Կարծիք | Քաղաքականություն

«Կանադան ԱՄՆ չէ, Ռուսաստան չէ, Բրյուսել չէ, բայց իր դրական մոտեցումը կարող է ավելի որոշիչ ձևով բանեցնել իր գործընկերների վրա, որոնք ևս ավելի հստակ քայլերի կդիմեն»,-Alpha Newsուղիղ եթերում հայտարարել է Կանադայի Հայ Դատի հանձնախումբի Օտտավայի գրասենյակի գործավար Սևակ Բելյանը՝ անդրադառնալով կանադահայ համայնքի ջանքերին ուղղված Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծմանը։

«Անցյալ շաբաթ Կանադայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկավ։ Բայց նկատի առնելով Արցախում ներկա վատթարացող իրավիճակը` մանավանդ այն, ինչ կվերաբերի հումանիտար իրավիճակին, բավականին ճնշում բանեցրինք տարբեր միջոցներով ու տարբեր մակարդակների վրա։ Ինչ-որ մոտեցումի տարբերություն մենք տեսանք, որ ուղղակիորեն կոչ կուղղեին Ադրբեջանին, որ հետևեն միջազգային Արդարադատության դատարանի որոշումներին, որը ողջունելի էր՝ բաղդատած նախկին հայտարարությունների հետ, որոնք կսահմանափակվեին՝ ասելով, որ Ադրբեջանը պետք է պարզապես միջանցքը բացի», նշել է նա։

Սևակ Բելյանը շեշտել է, որ դա ավելի գործնական կոչ էր։ Բելյանի խոսքով՝ իրենք պարզ հայտարարություններով չեն գոհանում։ Գործնական քայլ կարող է լինել այն, որ Կանադայից էլ ներկայացուցիչներ լինեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի մեջ։

«Կացությունը շատ ավելի վատ ու լուրջ է։ Ավելի հստակ քայլերի կարիք ունենք։ Մենք պիտի շարունակենք ճնշում բանեցնել, որ Կանադան, ի շահ այլ պետությունների, սկսի գործնական քայլերի դիմել գետնի վրա։ Կանադան մեկ այլ հայտարարություն արավ վերջերս։ Պաշտոնապես մաս պիտի կազմեն ԵՄ առաքելության մեջ։ Դա ողջունելի էր՝ նկատի ունենալով, որ այդ մեկը ինչ-որ գործնական քայլ է , այսինքն՝ գետնի վրա ինչ-որ ներիկայություն պիտի ապահովի կանադական կողմը, որ ավելի մոտիկից հետևեն իրավիճակին ու իրենց մասնակցությամբ ներդրում բերեն ապահովությանը և չբավարարվեն դիվանագիտական պարզ հայտարարություններով։

Կանադան այդ ուժային կենտրոնը չէ, օրինակ, ԱՄՆ չէ, Մոսկվա չէ, Բրյուսել չէ, բայց իր դրական մոտեցումը կարող է ավելի որոշիչ ձևով բանեցնել նաև իր գործընկերների վրա, որոնք ևս ավելի հստակ քայլերի դիմեն»,- եզրափակել է Սևակ Բելյանը։

Հիմա եթերում