ԱՄՆ Կոնգրեսի անդամները և «Հայ Դատի» հանձնախումբը պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

24 Հունիսի 2026, 13:20

Քաղաքականություն

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի և ԱՄՆ Կոնգրեսի անդամների մասնակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ադրբեջանական գերության 1000-րդ օրվան։ Մասնակիցները պահանջել են նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Ասուլիսը կազմակերպել էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը (Կալիֆոռնիա), Կոնգրեսի անդամներ Ջուդի Չուն, Լորա Ֆրիդմանը և Ջիմ Կոստան՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումն այս հարցի շուրջ։

Ասուլիսը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Բաքվին պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցառումների փաթեթը՝ Հայաստանի ինքնիշխանության և միջազգային իրավունքի համակարգված խախտումների համար։

Ասուլիսին մասնակցել են նաև ANCA-ի ամառային պրակտիկանտներ Լեո Սարգսյանը և Մարալ Մելքոնյան-Ավետիսյանը։ Նրանք կրել են շապիկներ, որոնց վրա պատկերված էին ադրբեջանական բանտերում դեռևս պահվող արցախցի ղեկավարների լուսանկարներն ու անունները։

Պրակտիկանտները հանդիպումներ են ունեցել սենատորների և կոնգրեսականների գրասենյակներում՝ կոչ անելով օրենսդիրներին աջակցել հայանպաստ օրենսդրական նախաձեռնություններին և փոփոխություններին։ Կոնգրեսի երկու պալատների անդամները նաև սոցիալական ցանցերում հրապարակումներով նշել են այս օրը և կոչ արել կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Հիմա եթերում