Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի գլխավորած պատվիրակությանը

26 Հունիսի 2026, 21:49

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Կառավարության ղեկավարը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը։ Նա վստահություն է հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանային հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:

Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները։ Նա շնորհակալություն է հայտնել դժվարին իրավիճակում Իրանին ցուցաբերած դիրքորոշման և Հայաստանի կառավարության մարդասիրական աջակցության համար։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում փոխգործակցության հետևողական զարգացման ու ընթացակարգերին վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում կապերի սերտացումը։

Անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և ընձեռվող նոր հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր հերթին ջերմ ողջույններ է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։