Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիք. Բագրատունի 

Տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաճախ պայմանավորված է ոչ թե պատմական արդարության հաստատման, այլ Թուրքիայի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ազգային միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին: 

«Շատ երկրներ Հայոց ցեղասպանությունը ճանաչում են ոչ թե ցեղասպանությունը ճանաչելու համար, այլ որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց»,- ասել է Բագրատունին՝ հավելելով, որ, իր գնահատմամբ, Իսրայելի ներկայիս քայլը նաև ուղերձ է Անկարային, և հետագա զարգացումները կախված կլինեն Թուրքիայի արձագանքից։

Բագրատունին նաև անդրադարձել է Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը՝ պնդելով, որ գործող իշխանությունները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չեն դիտարկում որպես առաջնահերթություն՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շրջանակում։

«Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ նույնիսկ մենք՝ Սփյուռքում ապրող հայերս, հարցականի առաջ ենք կանգնած՝ ի վերջո Հայաստանը ցանկանո՞ւմ է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, թե՞ ոչ»,- ընդգծել է նա։