Ոչ մի իրավական պատճառ չկար ընկերությունը փակելու. «Եվրոմոթորս»-ի տնօրեն

11 Հուլիսի 2026, 13:09

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Եվրոմոթորս» ընկերության շենքի բակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ իրականացված քննչական գործողություններին և դրանց պատճառած վնասներին։

Տնօրենի խոսքով՝ ընկերության աշխատանքն արդեն մեկ շաբաթ է, ինչ լիովին խաթարված է, ինչը մեծ հարված է ոչ միայն բիզնեսին, այլև միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշին։

Աբրահամ Դանագոզյանը նշել է, որ երկուշաբթի օրը՝ ժամը 08:00-ին, անակնկալ տեղեկացել են ընկերությունում ընթացող քննչական գործողությունների մասին։ Իրավապահները կազմակերպությունից առգրավել են 3 սերվեր, 19 համակարգիչ, լեփթոփներ և բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ տնօրենի անձնական բջջային հեռախոսները։

«Որպես 10 տարվա տնօրեն՝ կարող եմ ձեզ վստահեցնել, որ «Եվրոմոթորս»-ը Հայաստանում իր ծավալով ամենաթափանցիկ և արդար գործունեություն իրականացնող կազմակերպություններից մեկն է, որը հարկերը վճարում է ժամանակին։ Ոչ մի իրավական պատճառ չկար գալու և ընկերությունը փակելու։ Այս ամբողջը գնում է մի վերնագրի տակ՝ պարզապես սեփականատերը պարոն Ծառուկյանն է։ Անձամբ ես սրա մեջ այլ բան չեմ տեսնում»,- նշել է նա։