Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում, բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին

14 Հուլիսի 2026, 22:52

Հայեր

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է, ով ըստ նախնական տեղեկությունների 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի մասին ոստիկանության Դավթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։