Հայոց ցեղասպանության հիշողությունը չի կարող դառնալ քաղաքական զիջումների առարկա. Հաջյան

Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է, սակայն դա չի կարող հիմնվել Հայոց ցեղասպանության մոռացման կամ ուրացման վրա։ Alpha News-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Արգենտինայի «Հայ կենտրոն»-ի մամուլի և հաղորդակցության գծով քարտուղար Ալեքս Հաջյանը։

«Պետք է լեզու գտնել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ աշխարհի մյուս երկրների հետ, բայց դա չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանությունը կամ հրաժարվել արդարության պահանջից»,- ասել է նա։

Հաջյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է, և այն անտեսելը կամ երկրորդ պլան մղելն անընդունելի է։

«Արդարության հասնելը մեր պարտքն է 1,5 միլիոն սուրբ նահատակների հիշատակի առջև։ Չենք կարող մոռանալ կամ անտեսել նրանց հիշատակը»,- ընդգծել է նա։

Խոսելով Սփյուռքի մասին՝ Հաջյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը շարունակում է մնալ աշխարհասփյուռ հայությանը միավորող գործոններից մեկը։ Նրա խոսքով՝ քաղաքական տարբեր հարցերի շուրջ Սփյուռքում կարող են լինել տարբեր մոտեցումներ, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության պահանջի շուրջ հայությունը միասնական է։

«Այս հարցում մենք մեկ ձայն ենք։ Դա Սփյուռքում հայապահպանության կարևորագույն հիմքերից մեկն է, քանի որ խոսքը մեր մեծերի, մեր նախնիների հիշատակի մասին է»,- նշել է նա։