«Petrossian» բրենդը Նյու Յորքում արժանացել է «Art de Vivre» մրցանակին
18 Հուլիսի 2026, 16:23
Ֆրանսիական հանրահայտ «Petrossian» խավիարի տունը, որը հիմնադրել են ծագումով հայ Պետրոսյան եղբայրները, արժանացել է Նյու Յորքի «L’Alliance New York» մշակութային կենտրոնի «Art de Vivre» մրցանակին:
Հունիսի 1-ին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը ստացել են ընկերության ներկայիս ղեկավարները՝ Միքայել և Ալեքսանդր Պետրոսյանները:
«Art de Vivre» մրցանակը սահմանվել է 2014 թվականին և շնորհվում է հանրահայտ խոհարարներին, նորաձևության ու գեղեցկության ոլորտի առաջատարներին՝ ֆրանսիական ապրելակերպն ու մշակույթն աշխարհում լավագույնս տարածելու համար: Տարբեր տարիներին այս մրցանակին են արժանացել պարֆյումեր Ֆրեդերիկ Մալը, հրատարակիչներ Մարտին և Պրոսպեր Ասուլինները, ինչպես նաև ֆրանսիական «Vogue» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Կարին Ռոյթֆելդը:
Մելքում և Մուշեղ Պետրոսյան եղբայրները ընկերությունը հիմնադրել են Փարիզում՝ 1920 թվականին: «Petrossian»-ն առ այսօր ամբողջությամբ պատկանում է Պետրոսյանների ընտանիքին: Այսօր ապրանքանիշն ունի բուտիկներ ու ռեստորաններ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում, իսկ դրա առաջին պատմական խանութը հիմնադրման օրվանից մինչ օրս գործում է Փարիզի Լատուր-Մոբուր բուլվարում: