Վեց տարի է՝ արդյունք չկա. անհետ կորածների հարազատները պատրաստվում են գնալ Հակարիի կամուրջ
20 Հուլիսի 2026, 20:00
Կառավարության շենքի մոտ այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Տարիներ շարունակ անորոշության մեջ ապրող քաղաքացիները հայտարարել են, որ պատկան մարմինների անգործության պատճառով ստիպված են դիմել ծայրահեղ քայլերի։
Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իշխանություններին յոթ օր ժամանակ են տալիս՝ իրենց հարցերին որևէ հստակ պատասխան տալու համար։
Ծնողները նաև հայտնել են, որ պատրաստվում են ինքնուրույն կապ հաստատել ադրբեջանական կողմի հետ։
«Արդեն 6 տարի է՝ մեր իշխանություններից չենք տեսել ոչ մի դրական տեղաշարժ կամ անհետ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված որևէ քայլ։ Անկեղծ ասած, այլևս հույս չունենք, որ նման բան կլինի։ Այդուհանդերձ, ևս մեկ շաբաթ ժամանակ ենք տալիս իշխանություններին, որպեսզի մեր երեխաների՝ անհետ կորածների հարցով որևէ հստակեցում կամ դրական տեղաշարժ ներկայացնեն։ Եթե այդ ընթացքում պատասխան չստանանք, մենք՝ ծնողներս, որոշել ենք ինքներս գտնել ադրբեջանական կողմի հետ կապ հաստատելու միջոցներ»,- նշել է ակցիայի Արսեն Ղուկասյանը։
Հարազատները նաև հայտարարել են, որ պատասխան չստանալու դեպքում ավտոերթով կմեկնեն Սյունիքի Տեղ գյուղ, որտեղից քայլերթով կշարժվեն դեպի Հակարիի կամուրջ։ Նրանց նպատակն է սեփական հնարավորություններով կապ հաստատել ադրբեջանական կողմի այն ընտանիքների հետ, որոնք դեռ 90-ականներից ունեն անհետ կորած հարազատներ, և փոխադարձ աշխատանքի միջոցով ինքնուրույն պարզել իրենց երեխաների ճակատագիրը։