ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ավտոմեքենան գալիս ու 30-ից ավելի կրակոց արձակում Էրեբունի թաղամասում

21 Հուլիսի 2026, 14:05

Քաղաքականություն

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութը Երևանում տեղի ունեցած աղմկահարույց հրաձգության վայրից, որտեղ Էրեբունու բնակելի շենքերի բակում, մարդկանց ներկայությամբ, արձակվել է 30-ից ավելի կրակոց։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ ավտոմեքենայով ժամանած անձը կրակ բացում, իսկ կրակոցների ձայնից խուճապահար քաղաքացիները փորձում են փրկվել։ Կադրերում երևում է նաև մի կին, որը գնումների տոպրակները ձեռքին փորձում է փախչել վտանգավոր տարածքից։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։

Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև 15-ամյա Գ․ Մարգարյանը։ ArmLur.am-ը պարզել է, որ նրա վիրավորումը պատահականության հետևանք չէ, և նա ևս առնչություն ունի տեղի ունեցած միջադեպի հետ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանվածը Երևանի Բելինսկու փողոցի բնակիչ, 20-ամյա Վահե Մկրտչյանն է։

Դեպքի վայրում արձանագրվել է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք․ այնտեղ հայտնաբերվել է չպայթած նռնակ, ինչի պատճառով տարածք է ժամանել սակրավորների խումբ՝ այն վնասազերծելու նպատակով։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում արդեն 4 անձի մեղադրանք է առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի կալանքը։