ԿԸՀ–ն պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու հարցը կարող է որոշել մինչև օգոստոսի 2–ը

21 Հուլիսի 2026, 16:42

Քաղաքականություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրված, բայց լիազորությունները դեռ չստանձնած պատգամավորների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելուն համաձայնություն կտա կամ չի տա մինչև օգոստոսի 2–ը` ժամը 10։00–ն։ ԿԸՀ նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով` օգոստոսի 2–ից հետո այդ համաձայնություն տալ–չտալը կվերապահվի խորհրդարանին։

«Սահմանադրական դատարանն իր կայացրած որոշմամբ պահանջում է, որ ընտրված, սակայն դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, կամ ազատությունից զրկելու գործընթաց տեղի ունենա միայն ԿԸՀ որոշմամբ։ Այդ որոշումը պետք է ընդունվի ԿԸՀ անդամների ⅔–ով»,– ասաց Հովակիմյանը։

Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո հանձնաժողովն ունեցել է այդպիսի 5 միջնորդություն, որոնք ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազությանը։

«Հուլիսի 13–ին մենք կրկին դատախազությունից միջնորդություն ենք ստացել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կրկին քրեական հետապնդում հարուցելու համար»,– ասաց ԿԸՀ նախագահը։