Նարեկ Կարապետյանի գործով ԿԸՀ-ում քննվող միջնորդությունը քաղաքական հետապնդում է․ Արամ Վարդևանյան
22 Հուլիսի 2026, 13:13
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ դատախազության միջնորդության քննությունը։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը տեղի ունեցող գործընթացները որակել է որպես աննախադեպ իրավական ապօրինություն և քաղաքական հետապնդում։
Վարդևանյանի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն արձանագրել է, որ թեկնածուն արդեն ունի ընտրված պատգամավորի կարգավիճակ, սակայն, չնայած դրան, քննում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդությունը։
«Սա քաղաքական աբսուրդ է, քաղաքական հետապնդում և թատրոն՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը և Ազգային ժողովում նրա աշխատանքին միջամտելուն։ ԿԸՀ-ն, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր փոխել է այն, ինչին նախորդել էր Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը», — նշել է Վարդևանյանը։