Իրավիճակը սրելն անիմաստ է, դա կհանգեցնի ռազմական էսկալացիայի. Արեշև

18 Օգոստոսի 2023, 14:55

Քաղաքականություն

Alpha News-ին տված հարցազրույցում Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խորհուրդ չեն տա Ադրբեջանի դեմ որևէ ուժային գործողություններ ձեռնարկել:

«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հայտարարություններին, ապա դրանք հիմնականում հանգում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների անհրաժեշտությանը՝ միաժամանակ արձանագրելով հումանիտար իրավիճակի շուրջ ստեղծված մտահոգությունը։ Այնուամենայնիվ, միանգամայն ակնհայտ է, որ ո՛չ Անվտանգության խորհրդի առանձին անդամները, ո՛չ էլ կազմակերպության անդամները խորհուրդ չեն տա Ադրբեջանի դեմ որևէ ուժային գործողություններ ձեռնարկել։ Նրանք, ի սկզբանե, հասկացել են խնդիրը միջազգայնացնելու՝ հայկական կողմի մտադրությունը։ Ի դեպ, 1990-ականների սկզբին Ադրբեջանը նույնպես դիմեց նման մարտավարության։ Այժմ, ցավոք, իրավիճակը փոխվել է, սակայն խաղաղ բանակցություններին և խորհրդակցություններին, որոնք ընթանում են թե՛ ֆորմալ, թե՛ ոչ պաշտոնական ռեժիմով, ներկայումս այլընտրանք չկա։

Զգացմունքային հայտարարությունները, անկախ նրանից, թե ում կողմից են արվում՝ ադրբեջանական կողմից, թե Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից, այդ թվում՝ ռուս խաղաղապահների հասցեին, միայն փակուղի են մտցնում իրավիճակը և փաստարկներ ավելացնում այն տաք գլուխներին, ովքեր պնդում են՝ տարածաշրջանում հերթական ռազմական էսկալացիան խնդիրների լուծման միջոց կարող է լինել։

Այս կապակցությամբ ուզում եմ ուշադրություն հրավիրել «Կոմերսանտ» թերթի այն հրապարակման վրա, որտեղ ՌԴ ԱԳՆ-ին և Սերգեյ Լավրովին հղումով՝ ասվում էր Մոսկվայի առաջարկած փոխզիջման մասին, որը ներառում էր միջանցքի զուգահեռ բացումը՝ Լեռնային Ղարաբաղը կապելով Աղդամի հետ, իսկ հաջորդ օրը կբացվեր Լաչինի ճանապարհը։ Կարծում եմ, որ Աղդամի ուղղության բացումը ռուսական կողմի համար կարևոր է՝ կապված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի մատակարարման վերաբերյալ Բաքվի հետ պաշտոնական, և գուցե, ոչ պաշտոնական բանակցությունների հետ։ Հայտնի է, որ Բաքուն կտրականապես պնդում է, որ ողջ նյութատեխնիկական ապահովումը, այդ թվում՝ ռուս խաղաղապահների համար, իրականացվի ոչ թե Գյումրիի ռուսական բազայի միջոցով, այլ Եվլախ-Բարդա-Աղդամ-Ասկերան գծով։ Ինձ թվում է, որ բանակցությունների ընթացքը շատ բարդ է, դա երևում է ռուս դիվանագետների հայտարարություններից, որոնք կան «Կոմերսանտ» թերթի նույն հրապարակման մեջ։ Ուստի, ինձ թվում է, որ այժմ անմիտ կլինի իրավիճակի սրումը, քանի որ դա չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բարելավմանը, այլ կնպաստի իրավիճակի հետագա սրմանը և ռազմական էսկալացիային։

Կարծում եմ, որ հաղորդակցության վերսկսումը պետք է ինչ-որ կերպ կապված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և պաշտոնական Բաքվի բանակցությունների հետ։ Մենք գիտենք, որ այս բանակցությունների շուրջ ամենահակասական խոսակցություններն են պտտվում, թե ովքեր են մասնակցելու դրանց։ Ես չունեմ հավաստի տեղեկություն, որը կարող է լրացուցիչ պատասխան տալ այն հարցին, թե ինչու նման բանակցություններ չեն վարվում։ Բայց, միեւնույն է, կարծում եմ, որ այս բանակցությունները պետք է լինեն։

Իսկ թե ինչ ձեւաչափով կարող են դրանք անցկացվել, սա առանձին հարց է։ Ակնհայտ է, որ Հայաստանից խնդրանք կա՝ ներգրավել արտաքին խաղացողներին՝ Ռուսաստանի Դաշնությունից բացի: Խոսքը արեւմտյան տարբեր կառույցների մասին է։ Մենք գիտենք, որ Հայաստանում արևմտամետ ներքաղաքական սպեկտրի առանձին ներկայացուցիչներ ուղղակիորեն ասում են, որ հակամարտության միջազգայնացման ուղղություն է որդեգրել Հայաստանը։ Թե որքանով նման գիծը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար խնդիրների լուծմանը, դժվարանում եմ ասել։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր կառչած են այդ գծին, ամեն ինչ բավականին ճշգրիտ են հաշվարկել, և հուսանք, որ նրանց հաշվարկները զուր չեն անցնի»,- ամփոփել է փորձագետը։

Հիմա եթերում