«Մտադրություն էլ չունենք կրթության նշաձողն իջեցնել». Արցախի ԿԳՄՍ նախարար

19 Օգոստոսի 2023, 17:10

Կրթություն

Շրջափակումը ծանր կացություն է ստեղծել Արցախի կրթական համակարգում: Պետությունն ամեն ինչ անում է, որ «Գիտելիքի օրը»՝ սեպտեմբերի 1-ին կարողանա սկսել նոր ուսումնական տարին: Խնդիրները միայն կրթական ոլորտին չեն վերաբերում: Կան, ինչպես դպրոցական պայուսակների, դասագրքերի, այնպես էլ աշակերտների թերսնման և դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված լրջագույն խնդիրներ: Alpha News-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանն ահազանգում է, որ դեռեւս հարց է՝ կկարողանա՞ն նոր ուստարին մեկնարկել սեպտեմբերի 1-ին, թե՞՝ ոչ:

«Եթե շրջափակումը շարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը, դեռևս հարց է, թե մենք կարողանալու՞ ենք մեկնարկել ուսումնական տարին»,-ասում է նա:

Նախարարը նշում է նաև, որ պետությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որպեսզի մեղմի ուսումնական գործընթացի վրա շրջափակման ծանր հետևանքները: Կա որոշակի առաջընթաց դպրոցական պայուսակների հարցում:

«Առաջնահերթ փորձել ենք լուծել առաջին դասարանցիների պայուսակների հարցը և, ի պատիվ Հայ կրթական հիմնարկություն հիմնադրամի, մոտ 2000 պայուսակ է պատվիրվել»: Նախարար Նորայր Մկրտչյանն ուրախությամբ նշում է, որ պայուսակները կրում են՝ «Արտադրված է Արցախում» պիտակը: Մկրտչյանի խոսքով՝ մի շարք բարերարներ և մարդասիրական կազմակերպություններ ևս օգնել են Արցախին՝ ուսումնական տարվա մեկնարկի համար: Կա գրենական պիտույքների սղության խնդիր: Գրասենյակային ապրանքներ վաճառող արցախյան՝ գրեթե բոլոր խանութները դատարկ են:

«Դիմել ենք նաեւ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերներին, համագործակցող կառույցներին, որպեսզի օգնություն ցուցաբերեն, սակայն, խնդիր ենք ունենալու այդ ապրանքների տեղափոխման հետ կապված»,- պատմում է ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:

Նախարարի խոսքով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանից պատվիրել են դպրոցական դասագրքեր, սակայն, ուսումնական տարին սկսելու դեպքում, ամենանայն հավանականությամբ, հին դասագրքերով են աշխատելու: «Խնդրել ենք առաջին դասարանն ավարտած աշակերտների ծնողներին, որպեսզի իրենց Այբբենարանները վերադարձնեն դպրոցներին»,- ասում է ԿԳՄՍ նախարարը: Եթե անգամ ուսումնական տարին մեկնարկի, ապա հաջորդ խնդիրը, որին բախվելու է կրթական համակարգը, ուղևորափոխադրումն է լինելու: «Խնդիրներ ենք ունենալու այն ուսուցիչների տեղաշարժի հետ կապված, ովքեր պիտի բնակավայրից-բնակավայր տեղափոխվեն դասավանդելու նպատակով»,- ասում է պաշտոնյան:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Կա աշակերտների թերսնման խնդիր, իսկ դպրոցները վերաբացելուց հետո առաջանալու են սանիտարահիգիենիկ խնդիրներ: «Եթե մենք զուգարաններն ու լվացարանները մաքրելու տարրական միջոցները չենք ունենալու, ապա ինչի՞ մասին է խոսքը»: Նախարարն ընդգծում է՝ չնայած առկա խնդիրներին, չեն հուսահատվում, քանի որ հասկանում են՝ այն Արցախի հետագա գոյապայքարի հիմքն է: Պետք է վերանայել դասաժամերի տևողությունը, լուծել արտասահմանյան բուհեր դիմած արցախցիների տեղափոխման հարցը:

Չնայած այս ամենին, մեր զրուցակիցը փորձում է լավատես լինել: «Մտադրություն էլ չունենք կրթության նշաձողն իջեցնել»,- հայտարարում է Արցախի ԿԳՄՍ նախարարը: