Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հակամարտության սրումը
26 Հուլիսի 2026, 14:35
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը Դոնալդ Թրամփի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում մտահոգություն են հայտնել Իրանի հետ հակամարտության հնարավոր սրման և սպառազինության պաշարների կրճատման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է ամերիկյան զինանոցների վիճակը, և հանդիպումից կարճ ժամանակ անց Իրանի ուղղությամբ իրականացվող հարվածները դադարեցվել են։
The New York Times-ի փոխանցմամբ՝ հուլիսի 24-ին Թրամփն առանձին խորհրդակցություն է անցկացրել իր խորհրդականների հետ, որի ընթացքում քննարկվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռ-որսիչների պաշարների կրճատումը։ Գեներալ Քեյնը զգուշացրել է, որ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել զինանոցների պաշարների վտանգավոր նվազման։
Աղբյուրների տեղեկություններով՝ նախագահի մերձավոր շրջապատում Իրանի հետ հակամարտության սրումը պաշտպանողները քիչ են։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ի հասցրած հարվածները միայն նպաստում են Իրանի հասարակության համախմբմանը։ Վարչակազմը մտավախություն ունի, որ հակամարտության ընդլայնումը կարող է բարդացնել հարաբերությունները Պարսից ծոցի տարածաշրջանի դաշնակիցների հետ, ինչպես նաև խորացնել էներգետիկ և միգրացիոն ճգնաժամերը։