ԵՄ-ն պահանջել է Հայաստանից խզել կապերը Ռուսաստանի հետ․ ՌԴ ԱՀԾ

28 Հուլիսի 2026, 14:20

Քաղաքականություն

Եվրամիությունն այժմ Հայաստանից պահանջում է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել Ռուսաստանի հետ հումանիտար կապերը և ճնշել այդ քայլերին դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։

Երեքշաբթի ԱՀԾ մամուլի բյուրոն հայտնել է, որ ծառայությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Բրյուսելում գիտակցում են ՀՀ-ի համար խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։

Ըստ հաղորդագրության՝ եվրոպական մի շարք երկրներ արդեն ազդանշաններ են փոխանցել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն վնասել սեփական արտադրողներին՝ ՀՀ-ից ապրանքների համար իրենց շուկաները բացելով։

«Միևնույն ժամանակ, բրյուսելյան չինովնիկները շարունակելու են համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության հարցում։ ԵՄ ներկայացուցիչները կոնկրետ օգնության տրամադրման դանդաղումը նախատեսում են բացատրել նրանով, որ ԵՄ-ին միանալու գործընթացը ամբողջությամբ կախված կլինի Երևանից և եվրաինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից արդեն այժմ պահանջում են կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել ՌԴ-ի հետ հումանիտար կապերը և ճնշել այդ քայլերին դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՀԾ-ի տվյալներով՝ նման քաղաքականությունը խրախուսելու համար նախատեսվում է օգտագործել ՀՀ-ի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների վերաբերյալ մանիպուլյացիաներ, ինչպես նաև տալ «հեռավոր ապագայում» ՀՀ-ն «բարգավաճող խաղաղության խաչմերուկ» դարձնելու խոստումներ։