Արցախի զբոսաշրջության գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների առաջարկները

29 Հուլիսի 2026, 15:12

Քաղաքականություն

Անթույլատրելի է մարդկային ողբերգությունը վերածել զբոսաշրջային երթուղու։ Marriott Bonvoy Activities հարթակի միջոցով օկուպացված Շուշի և Ստեփանակերտ կազմակերպվող զբոսաշրջային այցելությունները խոր մտահոգություն և արդարացի վրդովմունք են առաջացնում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

«Այն պայմաններում, երբ ավելի քան 150 հազար արցախահայեր բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, այդ ողբերգության հետևանքներից առևտրային շահ ստանալը բարոյապես անընդունելի է։

Սրանք պարզապես զբոսաշրջային ծրագրեր չեն։ Դրանք վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ բռնի տեղահանության և էթնիկ զտման հետևանքները ներկայացնելով որպես սովորական իրականություն և զբոսաշրջային ուղղություն։ Նման նախաձեռնությունները նպաստում են կատարված անարդարության բնականոնացմանը և հակասում են մարդու իրավունքների, պատմական արդարության և բարոյական պատասխանատվության հիմնարար սկզբունքներին։

Միջազգային ընկերությունները պարտավոր են գիտակցել իրենց պատասխանատվությունը։ Բիզնեսը չպետք է դառնա բռնի տեղահանության և միջազգային իրավունքի խախտումների հետևանքների օրինականացման՝ ուղղակի կամ անուղղակի գործիք։

Կոչ ենք անում Marriott International-ին անհապաղ հեռացնել իր հարթակից օկուպացված Արցախ այցելությունների վերաբերյալ բոլոր առաջարկները և թույլ չտալ, որ իր հեղինակավոր բրենդն օգտագործվի հումանիտար հետևանքների առևտրայնացման համար։

Արցախի ժողովրդի հիշողությունը, արժանապատվությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն»,- նշված է հայտարարությունում։