Առաջարկում եմ այդ ցանկը «Տերունական աղոթքի» պես կարդալ․ Միկոյանը՝ Քոչարյանի գույքը բռնագանձելու մասին
29 Հուլիսի 2026, 18:14
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Գլխավոր դատախազության ներկայացուցչի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարություններին՝ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացների հետ։
Ավելի վաղ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել էր մի շարք անձանցից, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձելու վերաբերյալ դիմումների ցանկը։
Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանելով պարբերաբար հնչեցվող այս հայտարարությունները՝ Բագրատ Միկոյանը հեգնանքով նշել է․
«Արդեն անհանգստանում էի, որ էս վերջին 15 օրը հոբելյանական՝ «նադայելերորդ» անգամ չեն տարածել այդ ցանկը, մտածում էի՝ դատախազությունը փակած չլինե՞ն՝ անիմաստության հիմնավորմամբ: Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը «Տերունական աղոթքի» պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի։ Արդեն լավ չեմ պատկերացնում՝ նրանք զավեշտի՞ են արժանի, թե՝ կարեկցանքի»։