Ռուսաստանի սահմանափակումներն արդեն սկսել են ազդել Հայաստանի տնտեսության վրա․ Վասիլի Կալտաշով

Քաղաքագետ Վասիլի Կալտաշովը Alpha News-ին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը։

Փորձագետի գնահատմամբ՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները Հայաստանի համար դարձել են ճնշման անսպասելի գործոն։

«Ենթադրվում էր, որ ՌԴ-ն համբերատար կընդունի ՀՀ կառավարության՝ արդեն ավելի ընդգծված շրջադարձը դեպի Եվրոպական միություն, և դա որևէ հետևանք չի ունենա, քանի որ ՌԴ-ն երբեք չի առարկել ՀՀ-ի բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը։ Սակայն այժմ արդեն սկսում են զգացվել սահմանափակումների հետևանքները՝ առաջին հերթին գյուղատնտեսության և ընդհանուր առմամբ սննդարդյունաբերության ոլորտում։

Ակնհայտ է, որ հայկական արտադրանքը հեշտությամբ չի կարողանում նոր իրացման շուկաներ գտնել։ Չնայած Եվրոպական միությունը մեծ տնտեսություն է, այն, այնուամենայնիվ, բաց չի եղել հայկական ապրանքների համար։

Հենց այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին. նրանց հեռախոսազրույցը կայացել է հենց այս հարցի շուրջ»,- նշել է Կալտաշովը։