ՀԿԵ-ի կոնցեսիոն պայմանագրի դադարեցման դեպքում ակնկալում ենք ներդրումների վերադարձ․ ՌԺԴ-ի ղեկավար

30 Հուլիսի 2026, 20:10

Քաղաքականություն

«Ռուսական երկաթուղիներ» (ՌԺԴ) ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը հայտարարել է, որ ռուսական կողմը լիովին կատարում է 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Նրա խոսքով՝ բաժնետերերին շահութաբաժիններ չեն վճարվել, իսկ ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։ Ըստ նրա՝ 2008-2025 թվականներին ՌԺԴ-ի և «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կատարած ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 միլիոն ԱՄՆ դոլար։

Բելոզերովի խոսքով՝ կոնցեսիոն պայմանագրի շնորհիվ Հայաստանը ստացել է ժամանակակից երկաթուղային ենթակառուցվածք՝առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ ավելացնելու։ Նա ընդգծել է, որ ՀԿԵ-ն շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը՝ կանոնավոր կերպով բարձրացնելով իր շուրջ 2,5 հազար աշխատակիցների աշխատավարձերը։

ՌԺԴ-ի ղեկավարը նաև նշել է շարժակազմի թարմացումը, 2021 թվականին 27 նոր վագոնների մատակարարումը, ինչպես նաև 2024 թվականին Դեբեդ գետի վարարման հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքները։

Միաժամանակ նա ընդգծել է, որ կողմերի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները հստակ ամրագրված են պայմանագրով, և եթե Հայաստանը որոշի դադարեցնել դրա գործողությունը կամ փոխել պայմանները, ապա ՌԺԴ-ն իրավասու է ակնկալել իր կատարած ներդրումների փոխհատուցումը։