100 օր Ումբակիում․ Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային
31 Հուլիսի 2026, 22:49
Բարերար, գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը,Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կրկին դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։
Նա հիշեցրել է, որ այս շաբաթ լրացել է Ռուբեն Վարդանյանին Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Վարդանյանը կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել անձամբ հանդիպելու ընտանիքի անդամներին։
Զոնաբենդն ավելի վաղ հայտարարել էր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում նախատեսում է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու՝այնտեղ պահվող հայ գերիներին այցելելու և նրանց ծանրոցներ փոխանցելու նպատակով։ Սակայն այդ դիմումները մնացել են անպատասխան, ինչի պատճառով նա կրկին պաշտոնական նամակներ է հղել և հանդես եկել հրապարակային ուղերձով։
Զոնաբենդը Սաբինա Ալիևային խնդրել է աջակցել Ումբակի քրեակատարողական համալիր այցի կազմակերպմանը, սահմանել այցելության ձևաչափը և ծանրոցների փոխանցման կարգը։ Միաժամանակ նա Նիկոլ Փաշինյանին կոչ է արել նշանակել նախաձեռնությունը համակարգող պատասխանատու և ապահովել անհրաժեշտ դիվանագիտական աջակցությունը։