Ժողովրդին պատերազմով եք վախեցրել․ Գրիգորյանը Ռուբինյանին

02 Օգոստոսի 2026, 12:47

Քաղաքականություն

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին՝ հիշեցնելով նախընտրական շրջանում հնչեցված հայտարարությունները, ըստ որոնց՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը չստանա սահմանադրական մեծամասնություն, հնարավոր է պատերազմ։

«Արդյո՞ք սա նշանակում է, որ մի ամսից պատերազմ է լինելու, թե՞ պարզապես հերթական սուտն էր՝ ժողովրդին վախեցնելու և ձայներ հավաքելու համար»,- հարցրեց Գրիգորյանը։

Ռուբինյանը պատասխանեց, որ ՔՊ-ն երբեք չի պնդել, թե պատերազմ կլինի միայն ընդդիմության հաղթանակի դեպքում։

«Մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը գա իշխանության և իրականացնի իր հայտարարած քաղաքականությունը, օրինակ՝ վերանայի խաղաղության գործընթացը, դա կարող է հանգեցնել պատերազմի։ Իսկ այսօր կարող եմ հստակ ասել՝ սեպտեմբերին պատերազմ չի սպասվում։ ՔՊ-ն ստացել է ժողովրդի մանդատը՝ շարունակելու խաղաղության գործընթացը»,- նշեց նա։

Արձագանքելով՝ Գրիգորյանը պնդեց, որ նախընտրական հայտարարություններն օգտագործվել են հասարակության մեջ վախ տարածելու նպատակով։

«Դուք մի ամբողջ ժողովրդի սպառնացել եք պատերազմով։ Հիմա ինքներդ ասում եք, որ պատերազմ չի լինելու, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ ժողովրդին մոլորեցրել եք»,- ասաց պատգամավորը։

Հիմա եթերում