Ընդդիմությունը շարունակելու է պայքարը նաև Ազգային ժողովում․ Աննա Գրիգորյան
02 Օգոստոսի 2026, 17:13
Ազգային ժողովի անդրանիկ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ քաղաքական ընդդիմությանը չի հաջողվել կանխել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծամասնության ձևավորումը, սակայն պայքարը շարունակվելու է խորհրդարանում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ցավոք, այս փուլում քաղաքական ընդդիմությունը փաստացի չի կարողացել հասնել նրան, որ այստեղ քաղաքական մեծամասնությունը «ՔՊ»-ն չլինի»,– ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը լիարժեք օգտագործելու է Ազգային ժողովի հարթակը՝ հանրությանը հուզող հարցերը բարձրաձայնելու համար։
«Մենք օգտագործելու ենք այս հարթակը պայքարը շարունակելու համար։ Ամբողջությամբ օգտագործելու ենք այս հարթակի հնարավորությունները, որովհետև այստեղ հնչելու են հարցեր, որոնք, վստահաբար, այս իշխանության որևէ ներկայացուցիչ չի բարձրաձայնելու»,– ընդգծել է Աննա Գրիգորյանը։