ՀԱՊԿ-ում չեն բացառել դաշնակիցներին պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը
03 Օգոստոսի 2026, 14:35
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության ռազմավարությունը թույլ է տալիս զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը դաշնակիցներին պաշտպանելու համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Այս ռազմավարության հիման վրա ընդունված փաստաթղթերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական դոկտրինը նախատեսում են միջուկային զենքի կիրառման հնարավորություն, այդ թվում նաև հարձակման դեպքում դաշնակիցներին պաշտպանելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման սպառազինություն կարող է հայտնվել կազմակերպության մյուս անդամ երկրներում։
Վասիլևի խոսքով՝ ՀԱՊԿ-ի ընդունած ռազմավարական փաստաթղթում ժամանակակից մարտահրավերների և հավաքական անվտանգության սպառնալիքների շարքում նշվում են միջուկային ռազմական ներուժ ունեցող պետությունների թվի հնարավոր աճը, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի և դրա կրիչների տարածումը։