ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը կլուծվի կոնսենսուսի միջոցով․ Վիկտոր Վասիլև
04 Օգոստոսի 2026, 10:00
Հայաստանին ՀԱՊԿ-ի մարմիններում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ կլինի կազմակերպության անդամ պետությունների կոնսենսուսը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն նաև այս հարցը։ Եթե նման որոշման անհրաժեշտություն առաջանա, այն կընդունվի կոնսենսուսի հիման վրա», — նշել է Վասիլևը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում տվյալ երկրի քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն։
Վասիլևի խոսքով՝ փաստացի այս իրավիճակն արդեն գործում է ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին ՀԱՊԿ քարտուղարությունում քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին կազմակերպության Միացյալ շտաբից։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։