Հաջիևը պատմել է՝ ինչպես Բաքուն համոզեց Իսրայելին հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունից
05 Օգոստոսի 2026, 15:48
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրք լրագրողներին պատմել է, թե ինչպես է Բաքուն համոզել Իսրայելին հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունից, որի նպատակն, ըստ նրա, Թուրքիային սադրելն էր։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այդ հարցը դիտարկել է որպես սկզբունքային և գործել է՝ առանց Անկարայի հետ նախնական խորհրդակցությունների։
«Թեև շատ հարցերի շուրջ մենք խորհրդակցում ենք Անկարայի հետ, այս դեպքում քայլ ենք ձեռնարկել՝ առանց Թուրքիայի հետ նախապես քննարկելու։ Այդպես է պահանջում «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը։ Մենք Իսրայելին ասացինք․ «Այն, ինչ դուք անում եք, սխալ է։ Եթե կարծում եք, որ այս քայլով կարող եք վնասել Թուրքիային, սխալվում եք»»,- հայտարարել է նա։
Հաջիևը նշել է, որ ադրբեջանական կողմը նախազգուշացրել է Իսրայելին, որ նման որոշումը ոչ միայն չի հասնի իր նպատակին, այլև կվնասի Իսրայելի հարաբերություններին Թուրքիայի հետ, ինչպես նաև կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների և ադրբեջանական հասարակության շրջանում Իսրայելի ընկալման վրա։
«Մենք բացատրեցինք, որ դա ոչ մի օգուտ չի տա Իսրայելին և խորհուրդ տվեցինք հրաժարվել այդ մտքից։ Նրանք ընդունեցին, որ դա սխալ որոշում էր և հասկացան այն հնարավորինս արագ չեղարկելու կարևորությունը»,- ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի ակնկալում երախտագիտություն այդ գործողությունների համար, իսկ Թուրքիայի շահերը Բաքվի համար անվերապահ առաջնահերթություն են։
«Սա մեր եղբայրական պարտքն է»,- նշել է Հաջիևը։