Ադրբեջանը կարող է դառնալ տարածաշրջանի հետնապահը. Ասլան Իսմայիլով

05 Օգոստոսի 2026, 21:45

Քաղաքականություն

Հայտնի հասարակական գործիչ Ասլան Իսմայիլովը նախազգուշացրել է, որ առաջիկա տարիներին Ադրբեջանը կարող է հայտնվել Հարավային Կովկասի ամենաթույլ զարգացող տնտեսությունների շարքում։

Նրա խոսքով՝ երկիրը շարունակում է կախված մնալ «նավթային ասեղից», մինչդեռ Հայաստանն ու Վրաստանը զարգացնում են նոր ոլորտներ և գրանցում կայուն տնտեսական աճ։

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե 2020 թվականին երեք երկրների մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն համադրելի էր, ապա այսօր Հայաստանն ու Վրաստանը զգալիորեն առաջ են անցել Ադրբեջանից։

2025 թվականին Ադրբեջանի տնտեսության աճը կազմել է ընդամենը 1,4 տոկոս, իսկ 2026 թվականին գրանցվել է զրոյական աճ, մինչդեռ հարևան երկրներում գրանցվել է ավելի քան 7 տոկոս աճ։

Իսմայիլովը նշել է, որ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է ՏՏ ոլորտը, իսկ Վրաստանը՝ զբոսաշրջությունն ու լոգիստիկան։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանում ոչ նավթային ոլորտի աճը հիմնականում ապահովվում է պետական ծախսերով և ենթակառուցվածքային ծրագրերով, ինչը չի նպաստում մրցունակ մասնավոր ընկերությունների ձևավորմանը։

Որպես հիմնական խնդիրներ նա նշել է կրթության թանկացումը, լիարժեք մրցակցության բացակայությունը և փոքր բիզնեսի նկատմամբ ճնշումները։ Նրա խոսքով՝ բազմաթիվ կրթված քաղաքացիներ ընտրում են արտագաղթի ճանապարհը, իսկ շուկան շարունակում է մնալ խոշոր ընկերությունների վերահսկողության տակ։