ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է. Ալեքսեյ Օվերչուկ
06 Օգոստոսի 2026, 12:06
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ 2026 թվականին այդ ցուցանիշը 2025 թվականի համեմատ կրճատվել է շուրջ երկու երրորդով և, ամենայն հավանականությամբ, շարունակելու է նվազել։
«Այն իրավիճակը, որը ձևավորվում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մենք մեր հայ գործընկերներին բազմիցս զգուշացրել ենք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման վտանգը», — նշել է փոխվարչապետը։
Օվերչուկը հայտնել է, որ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային մակարդակի՝ կազմելով շուրջ 12 միլիարդ դոլար։
«Անցյալ տարի այն նվազեց՝ հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի։ Իսկ այս տարի արձանագրվում է ապրանքաշրջանառության կտրուկ անկում․ 2025 թվականի համեմատ այն կրճատվել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ, ակնհայտորեն, այդ անկումը կշարունակվի նաև հետագայում», — ընդգծել է Օվերչուկը։