ՀՌՀ-ն տուգանել է «Կենտրոն» հեռուստաընկերությանը 100 հազար դրամով
06 Օգոստոսի 2026, 13:54
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: ՀՌՀ-ն միաձայն տուգանեց «Կենտրոն»-ին 100 հազար դրամով։
Ըստ վարույթի, հեռուստատեսության լրատվական թողարկումներում հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում Ծառուկյանի վերաբերյալ տեղեկատվությունը գերազանցել է սահմանված չափը՝ 25 տոկոսը։
Հեռուստատեսության ներկայացուցիչ Բեթղեհեմ Արաբյանի խոսքով, իրենք, ինչպես մյուս լրատվամիջոցները, անդրադարձել են այդ օրերի իրադարձություններին՝ Ծառուկյանի առանձնատան խուզարկությանը, նրա ձերբակալման, կենդանաբանական այգի տեղափոխված նրա կենդանիների, տարբեր ընկերությունների փակման թեմաներին, և դա ասոցացնել Ծառուկյանի հետ, սխալ է։
«Նույնն է, թե ասել, ինչո՞ւ եք մեկ օրվա մեջ լուսաբանում տարբեր նախարարությունների աշխատանքը, քանի որ նույն տրամաբանությամբ լուսաբանել եք հենց վարչապետ Փաշինյանին», — ասաց Արաբյանը։