Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար․ Կոբախիձե

08 Օգոստոսի 2026, 21:05

Քաղաքականություն

Վրաստանի կառավարությունը կանի ամեն ինչ՝ երկրում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ավելի վաղ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հետաքննություն է սկսել դիվերսիայի հոդվածով՝ կապված, ըստ գերատեսչության, Ռուսաստանի զբոսաշրջիկների դեմ ուղղված տեղեկատվական արշավի հետ, որն իրականացվում է երկրի սահմաններից դուրս։

«Սոցիալական ցանցերը ակտիվորեն օգտագործվում են դիվերսիոն նպատակներով, համակարգումն իրականացվում է օտարերկրյա հարթակներից մեկի միջոցով, իսկ արշավին աջակցում է տեղական գործակալական ցանցը։ Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր գոյություն չունեցող անձանց մասնակցությամբ, որոնք պնդում են, թե Վրաստանում ռուս զբոսաշրջիկների նկատմամբ բացասական վերաբերմունք կա։ Այս ամենի միակ նպատակը սեփական երկրի դեմ դիվերսիան է։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Վրաստանում բոլոր զբոսաշրջիկների համար ստեղծվեն պատշաճ պայմաններ․ դա համապատասխանում է մեր մշակույթին, մեր ավանդույթներին և մեր տնտեսության շահերին», — ասել է Կոբախիձեն։

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պնդմամբ՝ արշավն իրականացվել է արտերկրում գրանցված կեղծ բոթ-հաշիվների միջոցով, սակայն աջակցություն է ստացել նաև Վրաստանի ներսից։ Գերատեսչության գնահատմամբ՝ դրա նպատակը եղել է տպավորություն ստեղծել, թե երկրում ռուս զբոսաշրջիկների համար առկա է ոչ բարեկամական մթնոլորտ։

Ներկայումս իրավապահները պարզում են արշավի կազմակերպիչներին, ֆինանսավորման աղբյուրներն ու ապատեղեկատվության տարածման մեխանիզմները։

Հիմա եթերում