Վեհափառի նկատմամբ գործընթացը հակասահմանադրական է․ Աննա Գրիգորյան

10 Օգոստոսի 2026, 10:40

Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող գործընթացը հակասահմանադրական է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և եպիսկոպոսներին թիրախավորելու փորձերին։

Պատգամավորը նշել է, որ ցանկացած անձ, անկախ իր կարգավիճակից, կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, եթե հանցանք է կատարել։ Սակայն, ըստ նրա, հարց է առաջանում՝ ի՞նչ է արել կաթողիկոսը։

«Իսկ ի՞նչ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառը, ով ունի լիազորություն օծելու արքեպիսկոպոսի, ունի նաև լիազորություն կարգալույծ անելու տվյալ անձին։ Հաշվի առնելով, որ Սահմանադրությունը տարանջատման սկզբունք է դնում եկեղեցու և պետության միջև, հետևաբար՝ պարզապես հակասահմանադրական է, որ այդ խայտառակ ամոթալի տեսարանին մենք ականատես եղանք»,- ընդգծել է պատգամավորը։

Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերներին՝ Աննա Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը փաստացի հայտնվել է դրսից պարտադրվող օրակարգերի ազդեցության տակ։

«Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Մի դեպքում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում՝ ԵԱՏՄ–ԵՄ հանրաքվեների պարտադրանքները։ Սա իսկապես խայտառակություն է, որ հայ ժողովուրդն իր ապագայի մասին քննարկումները պետք է կատարի արտաքին ակտորների պարտադրանքի ֆոնի ներքո»,- ընդգծել է Գրիգորյանը։

Հիմա եթերում